Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի «Լեոպարդ» տանկեր
Պորտուգալիան «Լեոպարդ-2» տանկեր կուղարկի Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան:
«Մենք այժմ աշխատում ենք, որպեսզի կարողանանք տրամադրել մեր տանկերից մի քանիսը», - ասել է Կոստան:
Վարչապետը չի մանրամասնել, թե քանի տանկ է ուղարկվելու:
Պորտուգալիայի զինված ուժերի ղեկավար Անտոնիո Սիլվա Ռիբեիրոն անցյալ ամիս ասել էր, որ Պորտուգալիան 37 «Լեոպարդ-2» տանկ ունի: Սակայն տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, թե դրանց մեծ մասն անսարք է:
Կոստան ասել է, որ Պորտուգալիան աշխատում է Գերմանիայի հետ՝ ձեռք բերելու այն մասերը, որոնք անհրաժեշտ են չգործող տանկերի վերանորոգման համար: Պորտուգալիայի վարչապետը հույս է հայտնել, որ տանկերն Ուկրաինա կհասցնեն մինչև մարտի վերջ։