Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող բրոքերներից տեղեկություն ստացանք, որ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը վաճառել։ Արդեն նույնիսկ տան գնորդներ կան, վաճառքի գինն էլ 2 մլն 300 հազար դոլար է։
Խոսքը «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ գտնվող առանձնատան մասին է, որն անցնում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի շրջանակներում քաղաքացիական վարույթով, եւ գործը ներկայում քննվում է հակակոռուպցիոն դատարանում։ Վլադիմիր Գասպարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա պաշտպան Վարազդատ Ասատրյանին հարցրինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նախկին ոստիկանապետը պատրաստվում է գույքը վաճառել։
Պաշտպանն ասաց, որ տեղեկություն չունի, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ ասելով, որ վստահորդից պետք է համաձայնություն ունենա։ Գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե առանձնատան նկատմամբ արգելանքը հանվե՞լ է։ Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան դեպքում, երբ դատարանում վիճարկվում էր գույքի ծագման օրինականությունը, արգելանքը հանվեց, իսկ տունը գնեց իշխանությունների սրտի նորահայտ օլիգարխ Նարեկ նալբանդյանը։
Դատախազությունից ասացին, որ այս պահին Գասպարյանի առանձնատան վրա արգելանք կա դրված»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։