Ինչո՞վ կարելի է փոխարինել մայոնեզը՝ հետևելով առողջ սննդակարգին
Շատերին հետաքրքրում է, թե ինչո՞վ կարելի է փոխարինել մայոնեզը: Այն ուտեստների շատ հայտնի բաղկացուցիչ է, սակայն բավականին կալորիական է, ուստի հարմար չէ առողջ սննդակարգում ներառելու համար, գրել է Aysor.am-ը։
Սոուսը պատրաստվում է դեղնուցից, մանանեխից, ձեթից, կիտրոնի հյութից և, ըստ ցանկության, այլ բաղադրիչներից։ Արտադրանքի 100 գրամը պարունակում է մոտ 600 կալորիա։ Հաճախ արտադրողները դրան ավելացնում են տարբեր քիմիական նյութեր և ոչ միշտ՝ բարձրորակ բաղադրիչներ, որոնք կանոնավոր օգտագործման դեպքում զգալի վնաս են հասցնում օրգանիզմին։
Կան նաև մի քանի այլ պատճառներ, որոնք ստիպում են մարդկանց հրաժարվել մայոնեզից և գտնել առողջ այլընտրանք.
Մայոնեզի մեջ առկա շաքարը խթանում է ախորժակը, հրահրում է շատակերությունը և հանգեցնում ավելորդ քաշի։
Համի ուժեղացուցիչների պատճառով մարդու մոտ թուլանում են համի ընկալիչները, նա չի վայելում սովորական սնունդը և սկսում է չարաշահել տարբեր կերակրատեսակներ։
Արտադրանքի ավելի լավ պահպանման համար օգտագործվող բաղադրիչները բացասաբար են ազդում ենթաստամոքսային գեղձի վրա։
Տրանսճարպերը կուտակվում են մարմնում և ժամանակի ընթացքում նպաստում խոլեստերինի թիթեղների, սրտի և արյան անոթների հետ կապված խնդիրների առաջացմանը։
Ջերմամշակման արդյունքում (թխում, շոգեխաշում, տապակում) ապրանքի բաղադրիչների քիմիական հատկությունները փոխվում են, ինչը վտանգավոր է առողջության համար:
Մայոնեզին փոխարինող հանրաճանաչ այլընտրանքը կաթնամթերքն է, որը թույլ կտա ստեղծել ախորժելի մենյու՝ չկորցնելով սննդի համը։
Յոգուրտը հիանալի սոուս է խմորեղենի և աղցանների համար: Շնորհիվ իր ցածր յուղայնության և կալորիականության, այն կարող է օգտագործվել դիետիկ սննդի համար:
Թթվասերը հարմար է ինչպես սառը, այնպես էլ տաք ուտեստների համար:
Կեֆիրը լավ ընտրություն է մսային ուտեստների և բանջարեղենային աղցանների պատրաստման համար։ Դրան կարելի է ավելացնել սխտոր, խոտաբույսեր, ձիթապտուղ կամ թարմ վարունգ, սակայն բավարար խտության սոուս ստանալու համար ավելի լավ է օգտագործել բարձր յուղայնությամբ կեֆիր։
Կաթնամթերքից բացի, հիանալի լուծում է կիտրոնի հյութը՝ թեթև և առողջարար արտադրանք, որը սննդին համեղ համ է հաղորդում։
Հաջորդ բաղադրիչը, որը կարող է ծառայել որպես այլընտրանք, խնձորի քացախն է. այն, ի տարբերություն մայոնեզի, օրգանիզմի վրա ունենում է նաև դրական ազդեցություն։