Յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը․ Գվարդիոլան՝ Կանսելուի մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի պաշտպան Ժոաու Կանսելուի հետ կապված իրավիճակը, ով մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ պորտուգալացու տեղափոխության պատճառը «քաղաքաբնակների» մարզչի հետ կոնֆլիկտն է եղել։
«Ես նրան ամենայն բարիք եմ մաղթում: Նա չորս ամիս ունի «Բավարիայում»՝ իր որակները ապացուցելու համար: Չգիտեմ, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում։ Նա անհավանական է եղել Պրեմիեր լիգայի վերջին երկու մրցաշրջաններում, որոնք մենք հաղթել ենք:
Աշխարհի առաջնությունից հետո մենք սկսեցինք խաղալ մի քանի տարբեր կազմերով, և ինձ դուր եկավ այն, ինչ տեսա, ուստի որոշեցի ավելի շատ ժամանակ տրամադրել նրանց, ովքեր իրենց դրսևորեցին խաղադաշտում։
Յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը: Կանսելուն սիրում է խաղալ, նա շատ է մարզվում, իսկ ներկա իրավիճակում վերջին մի քանի հանդիպումներում քիչ է խաղացել։ Նա պետք է խաղա՝ երջանիկ լինելու համար, և մենք բոլորս որոշեցինք, որ ժամանակն է, որ նա առաջ գնա: Նա ցանկանում է խաղալ յուրաքանչյուր խաղում և հուսով եմ, որ նա կկարողանա դա անել Մյունխենում»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։