Չինաստանն արձագանքել է ԱՄՆ-ի երկնքում լրտեսական օդապարիկի մասին տեղեկություններին
Չինաստանն ուսումնասիրում է հաղորդագրություններն այն մասին, որ չինական լրտեսական օդապարիկը թռչում է ԱՄՆ-ի օդային տարածքում: Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հորդորել է հանգստություն պահպանել՝ հավելելով, որ «ոչ մի ինքնիշխան երկրի տարածքը և օդային տարածքը խախտելու մտադրություն չկա»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Associated Press» գործակալությանը:
Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Մաո Նինգը հայտարարել է, որ քաղաքական գործիչները և հասարակությունը պետք է զերծ մնան դատողություններ անելուց, մինչև հստակ պատկերացում չլինի լրտեսական օդապարիկների վերաբերյալ զեկույցներին առնչվող փաստերի մասին:
«Չինաստանը պատասխանատու երկիր է և միշտ խստորեն պահպանել է միջազգային օրենքները, և Չինաստանը մտադիր չէ խախտել որևէ ինքնիշխան երկրի տարածքն ու օդային տարածքը։ Ինչ վերաբերում է օդապարիկին, ինչպես ես քիչ առաջ նշեցի, մենք ուսումնասիրում և ստուգում ենք իրավիճակը և հուսով ենք, որ երկու կողմերը կարող են հանգիստ և զգույշ կարգավորել դա», - ասել է Մաո Նինգը:
Չինաստանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ տեղեկություն չունի այն մասին՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ հաջորդ շաբաթ պլանավորված այցը Չինաստան կշարունակվի՝ ըստ նախատեսվածի։
Էնթոնի Բլինքենի այցը Պեկին պլանավորված է փետրվարի 5-ին: Նա կլինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ամենաբարձրաստիճան անդամը, ով կայցելի Չինաստան:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի երկնքում հայտնվել է շատ մեծ չափերի մի օդապարիկ, որն, ըստ Վաշինգտոնի, լրտեսական է և պատկանում է Չինաստանին: Պենտագոնի խոսնակ, բրիգադիր գեներալ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն մի քանի օր է՝ հետևում են օդապարիկին, որը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում: Նշվում է, որ իշխանությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ են տվել չխոցել օդապարիկը, քանի որ դրա բեկորները կարող են սպառնալիք ներկայացնել գետնին գտնվող մարդկանց անվտանգության համար: