ԱՄՆ-ը դեմ է Օլիմպիական խաղերին ՌԴ-ից և Բելառուսից մարզիկների մասնակցությանն իրենց երկրների դրոշների ներքո
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանից և Բելառուսից մարզիկներն Օլիմպիական խաղերին մասնակցելու դեպքում չպետք է հանդես գան իրենց երկրների դրոշների ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան Պիեռը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Այն դեպքերում, երբ սպորտային կազմակերպությունները և միջոցառումների կազմակերպիչները, ինչպիսին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Է, որոշեն թույլ տալ Ռուսաստանից և Բելառուսից մարզիկներին մասնակցելու միջոցառումներին, պետք է միանգամայն պարզ լինի, որ նրանք չեն ներկայացնում կոնկրետ Ռուսաստանը կամ Բելառուսը», - հայտարարել Է Ժան Պիեռը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք այս երկրներից մարզիկները կարող են մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։
Ըստ Սպիտակ տան ներկայացուցչի՝ Ռուսաստանի կամ Բելառուսի դրոշների, խորհրդանշանների կամ օրհներգերի օգտագործումը նույնպես պետք է արգելվի նման մրցույթներում։ Ժան Պիեռը նշել է, որ ԱՄՆ-ը ժամանակին աջակցել է Ռուսաստանի և Բելառուսի մարզական ղեկավար մարմինների հեռացմանը միջազգային սպորտային ֆեդերացիաներից։ Փետրվարի 2-ին ՄՕԿ-ում հայտարարել էին, որ առայժմ չի քննարկվում ռուսաստանցի կամ բելառուս մարզիկների մասնակցության թույլտվությունը 2024 թ.-ին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին:
Միաժամանակ կազմակերպությունը նշել է, որ ռուսաստանցիներին ու բելառուսներին Օլիմպիական խաղերին մասնակցել կարող են թույլատրել չեզոք կարգավիճակով (առանց ազգային դրոշի, օրհներգի կամ դրանց գույների որևէ զուգորդման) և հակադոպինգային կանոնների լիարժեք պահպանմամբ։ Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով ՄՕԿ-ը 2022 թ. փետրվարին միջազգային ֆեդերացիաներին հանձնարարել Էր հեռացնել ռուսաստանցիներին և բելառուսներին։ Ֆեդերացիաների մեծամասնությունը հետևել է ՄՕԿ-ի հանձնարարականներին։