ՊԵԿ-ը կանխել է մեթամֆետամին և մարիխուանա թմրամիջոցների անօրինական տեղափոխումն ու իրացումը
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում են անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման խափանման և կանխման ուղղությամբ։
Օրերս Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվող մաքսային հսկողության շրջանակում, Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի մաքսային զննման ժամանակ վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել մաքսային ծառայողների մոտ և որոշում է կայացվել իրականացնել անձնական մաքսային զննում։ Արդյունքում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն ԻԻՀ քաղաքացի Ֆ.Ա.-ի հագուստի տակ թաքցված փաթեթներից, ինչպես նաև վերարկուի գրպանում առկա փաթեթներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված մոտ 100 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի և մոտ 344 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Հայտնաբերված թմրամիջոցները, ինչպես նաև այն ՀՀ տեղափոխած անձը, Հարավային մաքսատուն-վարչության կողմից անմիջապես փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն՝ հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Նույն օրը ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Տեղեկություններ են ձեռք բերվել, որ ԻԻՀ քաղաքացու մոտ հայտնաբերված թմրամիջոցները վերջինս պետք է փոխանցի այլ անձանց՝ Գորիս-Երևան մայրուղու հարակից տարածքում և Երևան քաղաքի տարբեր հատվածներում:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ստացվել նաև, որ ԻԻՀ քաղաքացու կողմից մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված հիշյալ թմրամիջոցները ՀՀ-ում պետք է ստանան ոմն Է. Պ.-ն և Ա. Թ.-ն:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների` մասնավորապես «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հիշյալ թմրամիջոցի զանգվածները մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների վերահսկողության ներքո տեղադրվել են Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Արտաշատ հատվածի, Արտաշատ քաղաքի կամրջի հարակից տարածքում, որից հետո` հիշյալ զանգվածները ստանալուց հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ երկու քաղաքացի, ինչպես նաև Ուկրաինայի մեկ քաղաքացի, այնուհետև վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 399-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: