Ճապոնիայում բեռնանավը խորտակվել է. կան անհետ կորածներ
Երկու մարդ անհետ կորել է Ճապոնիայի Էհիմե հարավային պրեֆեկտուրայի ափերի մոտ երկու բեռնանավերի բախման հետևանքով, որոնցից մեկը խորտակվել է: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
Առափնյա պահպանության ծառայությունը պարեկային մոտորանավակներ և ուղղաթիռներ է ուղարկել՝ որոնելու 716 տոննա կշռող «Սեյրյու» չորաբեռնատար նավի անձնակազմի անհետ կորած երկու անդամներին: Ըստ NHK հեռուստաալիքի՝ նավը հինգշաբթի օրն ուշ երեկոյան 499 տոննա կշռող «Կոեի Մարու»-ին Է բախվել Էհիմե պրեֆեկտուրայի Իմաբարի քաղաքի ափերի մոտ գտնվող Կուրուշիմա նեղուցի շրջանում։
Միջադեպի հետևանքով «Սեյրյու»-ն խորտակվել է, անձնակազմի հինգ անդամներից երեքին փրկել են, երկուսի, այդ թվում՝ կապիտանի, որոնումները շարունակվում են։ Երեք փրկվածներն էլ գիտակից վիճակում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ «Կոեի Մարու» նավի վրա եղել է անձնակազմի չորս անդամ, նրանցից ոչ ոք չի տուժել։ Հաղորդվում է, որ խորտակված «Սեյրյու»-ն տեղափոխում էր 2200 տոննա կրաքար։