Ներքին թշնամիների բացահայտումը սկսված է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում հումանիտար ճգնաժամին զուգընթաց խորանում է նաեւ ներքաղաքական ճգնաժամը: Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով վերջին ժամանակներում հայտնվել է Արցախի, անգամ հայաստանյան տարբեր շրջանակների թիրախում, անցնում է հակագրոհի:
Նախագահին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Հարությունյանի հոգուն է հասել, եւ նա որոշել է բացահայտել իր դեմ ծավալվող հակաքարոզչության բոլոր օջախները՝ ցույց տալով դրա շարժառիթները: Նախօրեին Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Արցախում կան պաշտոնյաներ, որոնք սոցցանցերում կեղծ էջերով ապատեղեկատվություն են տարածել։
ԱԱԾ-ն պարզել է, որ ֆեյսբուքյան Artur Baghdasaryan անունով էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից կատարվող ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ, կեղծանուն է` էջն օգտագործվում է պաշտոնատար անձի կողմից, ով խոստովանել է այդ մասին: Որոշ տեղեկություններով՝ նշված պաշտոնատար անձն Անվտանգության խորհրդի աշխատակից է՝ վարչության պետերից մեկը։
Կան տեղեկություններ նաեւ, որ նույն հիմնարկից նաեւ մի կին աշխատակցի են բացահայտել` դարձյալ կեղծ էջ օգտագործող, որի մասին ԱԱԾ-ն դեռեւս լռում է: Artur Baghdasaryan օգտատերն ԱԱԾ-ում խոստովանել է, որ իր գրառումներում տարբեր մարդկանց վերագրվող հանցանքներն իրականությանը չեն համապատասխանում, գրառումները կատարվել են անձնական նպատակներով:
Ինչպես հայտնի է՝ մինչեւ վերջերս ԱԽ-ն ղեկավարում էր Վիտալի Բալասանյանը, ով այժմ Արցախի նախագահի խորհրդականն է, ինչը նշանակում է, որ «բացահայտված» պաշտոնյան կարող է կապ ունենալ Բալասանյանի հետ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում: