ՔԿ-ում որոշվել են 2022 թ․ լավագույն արդյունքներ ցույց տված «Տարվա ստորաբաժանումները» և «Տարվա քննիչը»
2022 թ․ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների և գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից, որոշվել են Կոմիտեի ամենաբարձր արդյունավետություն ցուցաբերած, ըստ այդմ՝ լավագույնը ճանաչված տարվա ստորաբաժանումները և տարվա քննիչը։
Փետրվարի 1-ին կայացած ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում նշված հանձնաժողովի նախագահ Արթուր Մելիքյանը ներկայացրել է այն նոր չափորոշիչները, դրանց հիման վրա կատարված վերլուծական աշխատանքները, ուսումնասիրությունների ընթացակարգերը, որոնց հիման վրա կատարվել է ընտրությունը։
Քննչական կոմիտեի ստորաբաժանումների և քննիչների շահադրդմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված այս գործընթացի անաչառության մակարդակը բարձրացնելու նպատակով 2023 թ․ տարեսկզբին փոփոխություններ են կատարվել «Լավագույն ստորաբաժանում» և «Լավագույն քննիչ» ճանաչելու կարգը, պայմանները, պարգևագրերի նկարագիրը հաստատելու մասին ՀՀ ՔԿ նախագահի համապատասխան հրամանում։
Ըստ նոր չափորոշիչների, հանձնաժողովի գնահատմամբ և ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով՝
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժինը (բաժնի պետ Ռոբերտ Վարդանյան).
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժինը (բաժնի պետ Դավիթ Ֆլջյան).
ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունը (վարչության պետ Աղասի Իսահակյան)։
Հանձնաժողովի կողմից ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների շրջանակում կատարված ընտրությամբ և ՀՀ ՔԿ նախագահի հրամանով «Տարվա քննիչ» է ճանաչվել ՀՀ ՔԿ Տավուշի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Կարեն Մովսիսյանը։
Հանձնաժողովի առաջարկությամբ նախորդ տարվա ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, որակյալ աշխատանքի և բարձր ցուցանիշներ ապահովելու համար ՀՀ ՔԿ նախագահի հրամանով «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով են պարգևատրվել նաև «Լավագույն քննիչ»-ի թեկնածու հանդիսացած ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Սարգիս Հակոբջանյանը և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, առաջին դասի խորհրդական Սարգիս Մելքոնյանը։
ՀՀ ՔԿ կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է պարգևատրվողներին, մաղթել արդյունավետության առավել բարելավում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին՝ համակողմանի և բծախնդիր ուսումնասիրության արդյունքում օբյեկտիվ ընտրություն կատարելու համար։