ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցնում «Թալիբան»-ի դեմ՝ ի պատասխան Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարման
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է «Թալիբան» շարժման անդամների նկատմամբ լրացուցիչ վիզային սահմանափակումներ մտցնելու մասին՝ կապված աֆղանցի կանանց նկատմամբ խտրական որոշումների հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը:
«Այսօր ես միջոցներ եմ ձեռնարկում լրացուցիչ վիզային սահմանափակումներ մտցնել «Թալիբան» շարժման որոշ գործող և նախկին անդամների, ոչ պետական ուժային կառույցների և այլ անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են համարվում կամ առնչություն ունեն Աֆղանստանում կանանց և աղջիկների նկատմամբ սահմանափակող քաղաքականության և բռնության, այդ թվում՝ «Թալիբան»-ի կողմից համալսարաններում կանանց ուսուցումը և ոչ կառավարական կազմակերպություններում աշխատելն արգելելու որոշման հետ», - ասվում է Բլինքենի հայտարարության մեջ։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնը խստորեն դատապարտում է թալիբների գործողությունները:
«Թալիբանը չի կարող հարգանք և աջակցություն ակնկալել միջազգային հանրության կողմից, քանի դեռ չի պահպանում բոլոր աֆղանցիների, այդ թվում՝ կանանց ու աղջիկների իրավունքները և հիմնարար ազատությունները», - նշված է հաղորդագրությունում:
Թալիբները փակել են համալսարաններն իգական սեռի ուսանողների համար և արգելել աղջիկներին հաճախել միջնակարգ դպրոց, սահմանափակել են կանանց ու աղջիկների ազատ տեղաշարժը, կանանց բացառել են գործունեության ոլորտների մեծ մասից և նրանց արգելել են այցելել զբոսայգիներ, մարզասրահներ ու հասարակական բաղնիքներ: