Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների հետ թուրքական Կարս քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել է համագործակցության եռակողմ ձևաչափը, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացումը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Ջուանշեր Բուրչուլաձեն, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանային զարգացման և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։
Ուշադրություն Է հատկացվել համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությանը, ինչն Է՛լ ավելի Է մոտեցնում երեք երկրների զինվորականներին և ամրապնդում նրանց միջև հարաբերությունները»,- այսօր հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Բուրչուլաձեն, Աքարը և Հասանովը ևս մեկ անգամ ընդգծել են եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը, որը ծառայում է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը, հավելել են գերատեսչությունում։
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Թուրքիայում է գտնվում որպես բազմազգ «Ձմեռային զորավարժություններ-2023»-ի պատվավոր հյուր: Կարսի նահանգում անցկացվող զորավարժություններին մասնակցում են 17 երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իտալիայից ժամանած զինվորականներ։ Վարժանքների նպատակն է ամրապնդել մարտական հմտությունները ձմեռային պայմաններում: