Ի՞նչ վիճակ է ճանապարհներին պարեկային ծառայության ներդրումից հետո. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ վերջերս հրապարակված տվյալների, եթե 2019 թվականից մինչև 2021 թվականը փաստացի ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն աճել է միջինը 15 տոկոսով, իսկ զոհերի թիվը՝ միջինը 4 տոկոսով, ապա 2022 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում: 2019 թվականի համեմատությամբ 2022 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10,2 տոկոսով, վիրավորների թիվը՝ 646-ով կամ 9,5 տոկոսով, զոհերի թիվը 20ով կամ 5,9 տոկոսով:
Եթե համեմատենք վերջին երկու տարվա ցուցանիշները, ապա 2021-ին Երևանում պարեկային ծառայության ներդրումից հետո տարվա կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 6,4 %-ով. 2021-ին արձանագրվել է 1920, իսկ 2022 թվականին՝ 1797 պատահար: Մահվան ելքով պատահարների թիվը նվազել է 32 %-ով. 2021-ին եղել է 78, 2022-ին՝ 53 զոհ: 10,3 %-ով էլ նվազել է վիրավորների թիվը, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 2021-ին եղել է 2434, 2022-ին՝ 2183 վիրավոր:
Պատահարները նվազել են նաև Լոռու և Շիրակի մարզերում: Պարեկային ծառայության ներդրումից հետո մեկ տարվա ընթացքում Լոռիում արձանագրվել է 7,6 %-ով, իսկ Շիրակում՝ 11,5 %-ով պակաս պատահար: Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, համակարգի հարցերով զբաղվող մի քանի կազմակերպությունների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե սկզբնական փուլում բավական դժգոհություններ կային, ապա հիմա հատկապես մարզերում վերաբերմունքը բավական փոխվել է պարեկների նկատմամբ, բացառությամբ այն վարորդների, որոնք սովոր են եղել խախտումներ անել և «լեզու գտնել»: Հավելենք, որ օրերս ծառայությունը ներդրվեց նաև Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի ու Տավուշի մարզերում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում