Հնդկաստանը և ԱՄՆ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում
Հնդկաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնեցրել են գործողությունների պլանը պաշտպանական արդյունաբերության, կիսահաղորդիչների ստեղծման, տիեզերքի հետազոտման և արհեստական ինտելեկտի վրա աշխատանքի բնագավառում համագործակցության ամրապնդման համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Hindustan Times» պարբերականից:
Լրատվամիջոցը նշում է, որ նախօրեին Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև Վաշինգտոնում կայացել է Կարևոր և հեռանկարային տեխնոլոգիաների շուրջ նախաձեռնության (ICET) շրջանակներում առաջին բարձր մակարդակի երկխոսությունը:
Ըստ Hindustan Times-ի՝ երկրները կամրապնդեն իրենց նորարարական էկոհամակարգերը արհեստական ինտելեկտի ոլորտում, կստեղծեն քվանտային տեխնոլոգիաների ուսումնասիրման համակարգման համատեղ մեխանիզմ:
Երկրները միասին կաշխատեն արհեստական ինտելեկտի ոլորտում ստանդարտներ սահմանելու վրա, աշխատանքային խումբ կստեղծեն կիսահաղորդիչների արտադրության ոլորտում, կուժեղացնեն համագործակցությունը տիեզերքում։ ԱՄՆ վարչակազմը նաև խոստացել է աշխատել Հնդկաստանի նկատմամբ արտահանման այն սահմանափակումների վերացման ուղղությամբ, որոնք խոչընդոտում են տվյալ ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի վարչակազմի մի պաշտոնյա հրատարակությանն ասել Է, որ ԱՄՆ-ի և Հնդկաստանի տեխնոլոգիական և արդյունաբերական համագործակցության ծրագրի մշակման գլխավոր պատճառներից մեկն է Չինաստանի կողմից մարտահրավերը: