Իսրայելի նախագահը հանդես է եկել ելույթով, որը գրվել է արհեստական ինտելեկտի կողմից
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Թել Ավիվում կայացած Cybertech համաժողովում հանդես է եկել ելույթով, որի տեքստը մասամբ գրվել է ChatGPT արհեստական ինտելեկտով չաթ-բոտի կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Jerusalem Post» պարբերականին:
Հերցոգը հայտնել է, որ ելույթի և՛ բացման, և՛ փակման հատվածները գրվել են ChatGPT-ի կողմից՝ ասելով, որ «բոտերը գործի են անցել»՝ որպես կիբեռ և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարմանալի ձեռքբերումները ցույց տալու միջոց:
«Ես իսկապես հպարտ եմ լինել մի երկրի նախագահ, որը հյուրընկալում է նորարարական բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը: Իսրայելը մշտապես գտնվում է տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում, նրա ձեռքբերումները կիբեռանվտանգության, արհեստական ինտելեկտի և մեծ տվյալների ոլորտում ահռելի են», - ասել է Հերցոգը:
Նա շեշտել է, որ «մեքենաները ոչ միայն իրենց վրա են վերցնում այնպիսի առաջադրանքներ, որոնք ժամանակին միայն մարդիկ կարող էին կատարել, այլև կատարում են այնպիսի առաջադրանքներ, որոնք կատարելու մասին մարդիկ երբեք չէին կարող երազել»:
Միևնույն ժամանակ Հերցոգը նշել է, որ երբեք չպետք է մոռանալ մարդկային ոգին, և որ ոչ մի համակարգիչ երբեք չի կարող փոխարինել մարդու ԴՆԹ-ին:
Հիշեցնենք՝ օրերս առաջին անգամ ԱՄՆ Կոնգրես էր ներկայացվել բանաձև, որը պատրաստվել էր ChatGPT արհեստական ինտելեկտի կողմից: Բացի այդ, ChatGPT արհեստական ինտելեկտով աշխատող չաթ-բոտը նաև քննություններ էր հանձնել Մինեսոտայի համալսարանի չորս դասընթացների և Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցում բիզնեսի կառավարման դասընթացի համար՝ ստանալով «բավարար» և «լավ» գնահատականներ: