2023 թվականին Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը
Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:
Բրյունետի «Գիշեր», Smoke Break, «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել Յութուբում: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը կարևորել է նման մրցույթներում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը երիտասարդ և տաղանդավոր արտիստներին վստահելը:
Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նախորդ տարի «Եվրատեսիլ» նորահայտ արտիստի ուղարկելու փորձն արդարացվել է. մինչև օրս մրցութային երգը շարունակում է մեծ հաջողություններ գրանցել:
Նա հույս է հայտնել, որ այս տարի ևս կզարմացնենք եվրոպացի հանդիսատեսին: Արդեն սկսել են աշխատել երգի և տեսահոլովակի վրա: