Պեսկովն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ավելի մեծ հեռահարության հրթիռների հնարավոր մատակարարմանը
Միացյալ Նահանգները 2,2 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար, որն առաջին անգամ կներառի նաև ավելի մեծ հեռահարության հրթիռներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների:
Ըստ գործակալության զրուցակիցների՝ խոսքը Boeing և Saab Group ընկերությունների արտադրության GLSDB (Ground Launched Small Diameter Bomb՝ ցամաքից արձակված փոքր տրամաչափի ռումբ) հրթիռների մասին է, որոնց հեռահարությունը կազմում Է 150 կիլոմետր։ GLSDB հրթիռները կարելի Է արձակել նաև HIMARS կայանքներից։
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին կարող է հայտարարել արդեն այս շաբաթ։ Բացի հրթիռներից, այն կներառի նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար օժանդակ սարքավորումներ, բարձր ճշգրտության զինամթերք և Javelin հակատանկային հրթիռային համակարգեր:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ավելի մեծ հեռահարության հրթիռների հնարավոր մատակարարմանը՝ նշելով, որ դա մեծացնում է լարվածությունը, սակայն այդ ամենը չի փոխի ռազմական գործողությությունների ընթացքը։
«Այո, սա ուղիղ ճանապարհ է դեպի լարվածության մեծացում, էսկալացիայի մակարդակի բարձրացում, մենք դա տեսնում ենք։ Սա մեզնից լրացուցիչ ջանքեր է պահանջում։ Բայց ևս մեկ անգամ՝ սա չի փոխի իրադարձությունների ընթացքը։ Հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի», - փոխանցում է Պեսկովի խոսքը ТАСС գործակալությունը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի համար այժմ առանցքային նպատակն է «շարունակել հատուկ ռազմական գործողությունը» և գլխավորը՝ «կատարել այն խնդիրները, որոնք առաջադրվել են պետության ղեկավարի կողմից»:
Հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկում է ոչ թե Կիևի, այլ Վաշինգտոնի հետ ամենաբարձր մակարդակով բանակցությունների հնարավորությունն Ուկրաինայում տիրող իրադրության ֆոնին, Պեսկովը նշել Է. «Առայժմ Պուտինի և Բայդենի միջև բանակցությունների ոչ մի պլան չկա»։