ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Ռուսաստանին կոչ է արել համագործակցել ՌՀՍՊ-ի հարցում
ԱՄՆ-ի պետքարտուղարությունում Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքի պատրաստակամություն են հայտնում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի (ՌՀՍՊ) կատարման համար, չնայած Մոսկվայի կողմից տեսչական ստուգումների արգելափակմանը, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«ԱՄՆ-ը պատրաստ Է Ռուսաստանի հետ կառուցողաբար աշխատել ՌՀՍՊ-ի ամբողջական իրականացման համար», - ասվում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որից մեջբերումներ են անում ԶԼՄ-ները: Նշվում է, որ, Վաշինգտոնի կարծիքով, ՌՀՍՊ-ի իրականացումը բխում Է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերից, այն սահմանափակում է Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը և Վաշինգտոնին պատկերացում է տալիս այդ ուժերի մասին։
ԱՄՆ-ը, ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ռուսաստանին կոչ է անում «թույլ տալ տեսչական ստուգումներ անցկացնել իր տարածքումե և ՌՀՍՊ-ին նվիրված ռուս-ամերիկյան համատեղ երկկողմ հանձնաժողովի նիստ անցկացնել։ Հայտարարության մեջ նշվում է, որ, ըստ Վաշինգտոնի, ոչինչ չի խանգարում Ռուսաստանի Դաշնությունից տեսուչներին՝ ստուգումներ անցկացնել ԱՄՆ-ում։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով պետքարտուղարությանը, հաղորդել էր, որ Ռուսաստանը խախտել է ՌՀՍՊ-ն, երբ դուրս է բերել իր օբյեկտները տեսչական գործունեությունից և մերժել ծառացած խնդիրները լուծելու նպատակով հանդիպում անցկացնելու Վաշինգտոնի խնդրանքը:
2022 թ. օգոստոսին Ռուսաստանը ծանուցել Էր Միացյալ Նահանգներին, որ ժամանակավորապես դուրս է բերում իր օբյեկտները ՌՀՍ-3-ի շրջանակներում տեսչական գործունեությունից։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ «նման գործողությունները նախատեսված են ՌՀՍ-ի մասին պայմանագրի արձանագրության հինգերորդ գլխի I բաժնի 5-րդ կետով»:
«Դրանք կարող են ձեռնարկվել բացառիկ դեպքերում և պայմանագրին չհակասող նպատակներով: Այժմ Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է այդ միջոցին դիմել Վաշինգտոնի համառ ցանկության հետևանքով` ինքնակամ հասնելու տեսչական գործունեության վերսկսմանն այն պայմաններով, որոնք հաշվի չեն առնում առկա իրողությունները, ԱՄՆ-ի համար ստեղծում են միակողմանի առավելություններ և, փաստորեն, Ռուսաստանի Դաշնությանը զրկում են ԱՄՆ-ի տարածքում տեսչական ստուգումներ իրականացնելու իրավունքից», - ասվում Է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
2020 թ. մարտին ԱՄՆ-ը և ՌԴ-ն ստուգումներն օբյեկտներում դադարեցրել Էին COVID-19-ի համավարակի պատճառով։ ՌՀՍՊ-ն կամ ՌՀՍ-3-ը համաձայնագիր է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական միջուկային զենքի զինանոցների փոխադարձ կրճատման վերաբերյալ։