Թուրքական ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրաքի Բաշիք շրջանի մոտ՝ Մոսուլից 12 կմ հյուսիս, առավոտյան հրթիռ է արձակվել թուրքական Զիլքան ռազմաբազայի ուղղությամբ։ Ըստ հաղորդված տեղեկությունների՝ մարդկային կորուստներ չկան, իսկ հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը, որը նաև սպառնացել է Թուրքիային:
«Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ բազայի ուղղությամբ արձակվել է յոթ հրթիռ, որոնցից երկուսն ընկել են բազայի ներսում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ լուրը հաստատվել է Իրաքյան Քուրդստանի տարածաշրջանային կառավարության անվտանգության ստորաբաժանումների կողմից:
Էրբիլից հեռարձակվող «Rudaw» կայքը, հայտնում է, որ առավոտյան ժամերին թիրախավորվել է Մոսուլի Բաշիք թաղամասում գտնվող և թուրքական զինված ուժերին պատկանող Զիլքան ռազմաբազան։ Ըստ այդմ՝ հրթիռային հարձակումը տեղի է ունեցել ժամը 07:30-ի սահմաններում:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնած իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը Թուրքիային անվանել է զավթիչ և հայտարարել, որ եթե Թուրքիան դուրս չգա Իրաքից, իրենք հարձակումներ են իրականացնելու նաև Թուրքիայի տարածքում։
Մոսուլից 12կմ հյուսիս գտնվող Բաշիք թաղամասի մոտ գտնվող ռազմաբազան կառուցվել է 2015թ.-ին և նախկինում ևս ենթակվել է հարձակման նույն կազմակերպության կողմից: