Իսրայելն ուսումնասիրում Է Ուկրաինային օգնության այլ տարբերակներ՝ բացի մարդասիրականից. Նեթանյահու
Իսրայելն ուսումնասիրում Է Ուկրաինային օգնություն տրամադրելու այլ տարբերակներ՝ բացի մարդասիրական աջակցություն ցուցաբերելուց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է CNN-ին տված բացառիկ հարցազրույցում։ Լրագրողը Նեթանյահուին հարց է ուղղել՝ արդյոք Իսրայելը կարող է Ուկրաինային տրամադրել այնպիսի օգնություն, ինչպիսին է, օրինակ՝ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը:
«Ես, իհարկե, դիտարկում եմ դա», - հայտարարել Է նա: Ընդ որում, Իսրայելի վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինա է տեղափոխել «ավելի վաղ Իսրայելում տեղակայված ռազմամթերքը»։ «ԱՄՆ-ն տարել Է իսրայելական ռազմամթերքի զգալի մասը և այն հանձնել Է Ուկրաինային», - ընդգծել է Նեթանյահուն։ Ավելի վաղ New York Times թերթը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ-ն 2022 թ.-ին Իսրայելի հետ համաձայնության է եկել հրեական պետության տարածքում գտնվող ամերիկյան պահեստներից Ուկրաինային 155 մմ տրամաչափի հրետանային ռազմամթերք մատակարարելու վերաբերյալ։
Իսրայելի նախորդ կառավարությունն Ուկրաինայից բազմիցս ստացել է զենք տրամադրելու դիմումներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, սակայն նախարարների կաբինետը հետևողականորեն մերժել է այդ պահանջները: Իսրայելի նախարարներն ընդգծել են, որ իրենց երկիրն աջակցում է Ուկրաինային և նրան մարդասիրական օգնություն է տրամադրում, բայց զենք մատակարարելու հնարավորություն չունի սեփական ազգային անվտանգության մասին հոգալու անհրաժեշտության, ինչպես նաև արտադրական կարողությունների պակասի պատճառով։
Իսրայելի վարչապետը CNN-ի հետ հարցազրույցում նաև հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել ուկրաինական ճգնաժամում միջնորդի դերը բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկության դեպքում։ «Եթե երկու կողմերն էլ ինձ խնդրեն, և, անկեղծ ասած, եթե Միացյալ Նահանգներն ինձ խնդրի»,- հայտարարել է Նեթանյահուն՝ պատասխանելով այն հարցին` արդյոք ինքը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում: «Եթե ինձ խնդրեն բոլոր շահագրգիռ կողմերը, ես, անշուշտ, կդիտարկեմ այդ (առաջարկը)»,- նշել Է նա՝ հավելելով, որ դրա համար պետք է լինեն ճիշտ ժամանակ և ճիշտ հանգամանքներ: