Չավուշօղլուն նշել է Թուրքիայի պայմանները Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան չի հաստատի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե նրանք չկատարեն Մադրիդում ստորագրված եռակողմ հուշագրի պայմանները, նույնիսկ եթե նրանց հասցեին որևէ սպառնալիք լինի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս մասին ասել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Թուրքիան անվտանգության հետ կապված իր մտահոգությունն ունի, և մտահոգությունները պետք է վերացվեն, որպեսզի այդ երկրները դառնան ՆԱՏՕ-ի անդամ։
Նրա խոսքով՝ Անկարան չի թաքցնում, որ Ֆինլանդիայի հետ հարաբերություններում ավելի քիչ խնդիրներ ունի, քան Շվեդիայի հետ։ Արտգործնախարարը նշել է, որ, ի տարբերություն Շվեդիայի իշխանությունների, Ֆինլանդիայում թույլ չեն տալիս հակաիսլամական և հակաթուրքական սադրանքներ։
«Եթե երկու երկրները և ՆԱՏՕ-ն պայմանավորվեն դիմումների առանձին քննարկման շուրջ, ապա Թուրքիան պատրաստ կլինի քննարկել այդ հարցը»,- ասել է թուրք նախարարը։