Փաշինյանը պարտավոր է արձագանքել, հակառակ դեպքում կնշանակի, որ ինքն է կոռուպցիայի թիվ մեկ հովանավորը երկրում. Թովմասյան
Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտումներ, պետական բյուջեի հնարավոր վատնման լրջագույն մտահոգություններ են հնչել Երևանի ավագանու անդամի կողմից, ինչի առիթով դիմել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Նա նաեւ նշել է. «Երևան քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հրապարակել է տեղեկություն (https://bit.ly/3HobnfI , https://bit.ly/3wHWssc)՝ Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտման մասին։ Բարձրաձայնվել է գնման գործընթացի, այդ թվում նաև շինաշխատանքների մրցույթներում եղած աղաղակող խախտումների մասին:
Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտումների վերաբերյալ բարձրաձայնումները լուրջ մտահոգություն են առաջացնում ՀՀ պետական և մայրաքաղաքային բյուջեի հնարավոր վատնման վերաբերյալ։
Ընդունելով պետական իրավասու օղակների կողմից պարզաբանումների ներկայացման վերաբերյալ քաղաքացիների հանրային պահանջները, ինչպես նաև ընդգծելով իրեն ժողովրդավարական հռչակած Հայաստանի Հանրապետությունում պետական գնումների թափանցիկության և հասանելիության, ՀՀ օրենսդրության պահանջներին գնումների ընթացակարգի համապատասխանության անհրաժեշտությունը՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարից ակնկալում եմ մանրամասն տեղեկություն, թե արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը իրականացրել է քայլեր՝ վերոնշյալ հրապարակումների կապակցությամբ, և ի՞նչ արդյունքներ կան:
Հուսամ, ՊՎԾ ղեկավարը բազմակողմանիորեն կուսումնասիրի ավագանու անդամի բարձրաձայնումները և իրապես օբյեկտիվ գնահատական կտա: Երևանի փոխքաղաքապետ, Երևանի ավագանու ընտրությունների դե ֆակտո ընտրարշավը սկսած Տիգրան Ավինյանը հատկապես պետք է բացատրի, թե թափանցիկ աշխատանքի, կոռուպցիան բացառելու և այլ վերամբարձ խոստումներով իշխանության եկած քաղաքական միավորն ինչու է դրժում խոստումները:
Դե իսկ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է արձագանքել այս բարձրաձայնումներին՝ քաղաքական և իրավական պատասխանատվության անխուսափելի վճռականությամբ: Հակառակ դեպքում կնշանակի, որ ինքն է կոռուպցիայի թիվ մեկ հովանավորը մեր երկրում: