Քրեական ոստիկանության կազմում ձևավորվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանում. Վահե Ղազարյան
Հունվարի 31-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ կարևորեց արտակարգ և լիազոր դեսպանի այցը ՆԳ նախարարություն։
Այնուհետև ներկայացրեց ներքին գործերին նախարարության ձևավորման գործընթացը, ինչպես նաև նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որոնք միտված են բարեվարք, պրոֆեսիոնալ և հանրությանը ազնվիրաբար ծառայող ստորաբաժանումների կայացմանը: Վահե Ղազարյանն այդ համատեքստում ընդգծեց պարեկային ծառայության կարևորությունը՝ հավելելով, որ այս տարի նախատեսվում է ծառայության ներդրումը հանրապետության ողջ տարածքում։
ՆԳ նախարարը անդրադարձավ նաև համացանցի միջոցով կատարվող հանցագործություններին և դրանց կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ շեշտելով, որ Քրեական ոստիկանության կազմում ձևավորվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բավական արդյունավետ գործող ստորաբաժանում։
Վահե Ղազարյանը Ջոն Գալագերին շնորհակալություն հայտնելով մինչ այս ցուցաբերած բազմակողմ աջակցության համար՝ հույս հայտնեց, որ այսուհետ ևս Միացյալ Թագավորության դեսպանությունը կաջակցի ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին։
Վահե Ղազարյանը շեշտեց, որ նախարարությունը պատրաստակամ է համագործակցությունն ու փորձի փոխանակումը ավելի խորացնելու և առավել բարձր մակարդակի հասցնելու առումով։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահե Ղազարյանին շնորհավորեց ՆԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Այնուհետև արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրեց Միացյալ Թագավորության դեսպանության կողմից իրականացվող ծրագրերը և գոհունակություն հայտնեց ՆԳ նախարարին՝ դրանք կարևորելու և գնահատելու համար։ Ջոն Գալագերը, անդրադառնալով մի շարք ոլորտներում ցուցաբերած թիրախային աջակցությանը, պատրաստակամություն հայտնեց շարունակել արդյունավետ համագործակցությունը ՆԳ նախարարության հետ հատկապես այն ուղղություններով, որոնք նախարարությունն առաջնահերթ կհամարի։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հյուրերին ներկայացրեց ՆԳ նախարարության կառուցվածքը և հիմնական գործառույթները՝ կարևորելով Միացյալ Թագավորության աջակցությունն ու փոխանցած փորձը Հայաստանի Կառավարությանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, աղետների ռիսկերի կառավարման, փրկարար ծառայության կադրերի մասնագիտական հմտությունների կատարելագործման, կիբերհանցավորության դեմ պայքարի և այլ ոլորտներում։ Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նաև կարևորագույն այլ ուղղություններ։
ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հյուրերին ներկայացրեց ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով նոր ձևավորված տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի կարևորությունը նաև հանցագործությունների կանխման ու բացահայտման առումով։
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։