Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանին միացնել ՌԴ-ի, Թուրքիայի և Սիրիայի միջև շփումներին. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանին ՌԴ-ի, Թուրքիայի և Սիրիայի միջև եռակողմ շփումներին միացնելու շուրջ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է Անկարայի շահագրգռվածությունը Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և աշխատանքն այս ուղղությամբ կզարգացնի։ «Բնական Է, որ այժմ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև այդ աշխատանքում Իրանին ներգրավելու շուրջ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Եգիպտոսի արտգործնախարարի հետ բանակցությունների արդյունքների շուրջ կայացած մամուլի ասուլիսում:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան մտնում են «Աստանայի եռյակի» մեջ, որոնք զբաղվում են սիրիական ճգնաժամի կարգավորմամբ։ «Ուստի ես տրամաբանական եմ համարում, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա շփումներն ընթանան ՌԴ-ի և Իրանի հետ միասին: Ինչ վերաբերում է մասնակցության ժամկետներին և կոնկրետ ձևաչափերին՝ զինվորականների, թե դիվանագետների մակարդակով, դա մշակվում է», - հավելել Է նախարարը։