Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային գործադուլ է անցկացվում
Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու կառավարության ծրագրերի դեմ զանգվածային գործադուլի պատճառով խափանվել է դպրոցների և տրանսպորտի աշխատանքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
Սա այս ամսվա ընթացքում երկրորդ ակցիան է: Հունվարի 19-ին կազմակերպված բողոքի ակցիային մասնակցել էր ավելի քան 1 միլիոն մարդ, խափանվել էր տրանսպորտի աշխատանքը, իսկ Էյֆելյան աշտարակը փակվել էր այցելուների առաջ:
Ըստ FSU արհմիության հաղորդագրության՝ այսօրվա ցույցի ընթացքում փակ կլինի Փարիզի ավելի քան 100 դպրոց, իսկ ուսուցիչների 60%-ը աշխատանքի դուրս չի գա:
Ֆրանսիայի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարը հայտնել է, որ ամբողջ երկրում նախատեսված է 248 ցույց:
Չնայած զանգվածային բողոքի ակցիաներին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը հաստատակամ է կենսաթոշակային բարեփոխումների իրականացման հարցում, որոնք նախատեսում են կենսաթոշակային տարիքն աստիճանաբար 62-ից բարձրացնել 64-ի:
Հունվարի 29-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել էր, որ կենսաթոշակային տարիքի բարձրացումը «քննարկման ենթակա չէ»:
Ֆրանսիան ՀՆԱ-ի գրեթե 14 %-ը ծախսում է պետական կենսաթոշակի վրա, ինչն ամենամեծ ցուցանիշն է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների (ընդգրկում է 38 երկիր) շրջանում: