Հայտնաբերվել է տնայնագործական եղանակով հայտնի ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստման և իրացման դեպք
Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի տարբեր տներում տնայնագործական եղանակով հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստում և իրացնում Հայաստանի տարբեր մարզերում։
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ոստիկանները վերոնշյալ տներում զննությամբ հայտնաբերել են տարբեր տարողության ու հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ օղիներ ու կոնյակներ, շշերի խցաններ և դրանց համար նախատեսված դեկորատիվ թիթեղներ, հանրաճանաչ ապրանքանիշերի կոնյակի և օղու դատարկ շշեր, ակցիզային կեղծ դրոշմանիշեր և այլն։
Դեպքերի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ քրեական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։