Խաղադրույքների ծավալները կտրուկ աճել են. Փաշինյանը խաբել է. մաս 161. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը կարճատեւ դադարից հետո շարունակում է շարքը, որում ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել, կամ, այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը ստել է:
Այս անգամ կանդրադառնանք մի ոլորտի, որում արձանագրված «հաջողությունների» ու հաջողված պայքարի մասին իշխանությունները հաճախ են խոսում, ինչը, սակայն, հեռու է իրականությունից: Խոսքը խաղադրույքների ոլորտին է վերաբերում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց, թե իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում լուրջ անկում է գրանցվել։ CivilNet-ի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզել է, որ շահումով խաղերի ոլորտում, հակառակ վարչապետի պնդումներին, անկում չի գրանցվել։
Պետեկամուտների կոմիտեն, #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Հայաստանում, 2022-ի հունվար-նոյեմբերի տվյալներով, ինտերնետ շահումով խաղերում ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել. սա 2021թ.-ի ամբողջ տարում գրանցված 3,9 տրլն դրամից ավելի է մոտ 36%-ով։ Այս թիվը ռեկորդային է Հայաստանի պատմության մեջ։ Կատարված խաղադրույքների ծավալը 2017-ին կազմել է 138,5 մլրդ դրամ, 2018-ին՝ 333,6 մլրդ դրամ, 2019-ին հատել է տրիլիոնի շեմը եւ կազմել է 1,1 տրլն դրամ, 2020-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ին՝ 3,9 տրլն դրամ։ Հատկանշական է, որ 2022-ի 11 ամիսներին գրանցված 5,3 տրլն-ի մեջ ներառված չեն դեկտեմբերի տվյալները, հետեւապես՝ նաեւ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի (որոնք անցկացվել են նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը ներառյալ) մեծ մասի ժամանակ արված խաղադրույքների ծավալը։ Այս թվում ներառված չեն նաեւ խաղատներում կատարված խաղադրույքները։
Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում է գրանցվել, սխալ է։ Կատարվող խաղադրույքի ծավալները փաստացի ոչ միայն չեն նվազել, այլեւ շարունակ աճում են։ Ստացվում է՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։