Ո՞վ է լինելու իշխանության հաջորդ զոհը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում փետրվարի 7-ին հրատապ քննարկում է նախաձեռնել: Ինչպես հայտնի է՝ այդ օրը մեկնարկող ԱԺ քառօրյա հերթական նիստերին ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվելու։ Նախապես միջնորդությունները խորհրդարան ուղարկած գլխավոր դատախազը զեկուցելու է եւ պահանջելու է քրեական վարույթ սկսելուն համաձայնություն տալ, իսկ Սեյրան Օհանյանի դեպքում՝ նաեւ կալանքի թույլտվություն։
Ընդդիմադիրները կարծում են, որ պաշտպանության նախկին նախարարի դեմ իշխանության արշավի նպատակն Ազատում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից հանրային ուշադրությունը շեղելն է, ուստի որոշել են հենց այդ թեմայի վրա բեւեռել հանրության ուշադրությունը եւ արտահերթ նիստ անցկացնել բանակի եւ Ազատի հրդեհի թեմայով՝ կանխելով Սեյրան Օհանյանի դեմ ծրագրվող շոուն։ Ըստ այդմ՝ առաջարկել են քննարկումն անցկացնել փետրվարի 7-ի նիստի երկրորդ մասում։
Հրատապ քննարկումը, ըստ ներկայացված հիմնավորման, «ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքներ»-ը թեմայով է։ Ընդդիմադիրներն ակնկալում են նաեւ, որ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն անձամբ ներկա կգտնվի քննարկմանը: Ի դեպ, իրենց գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու նիստի օրը «հայաստանցիներն» այլ ակցիա էլ են ծրագրում, որն առայժմ գաղտնի են պահում։ Իշխանությունը որոշել է՝ եթե այս շոուն բարեհաջող ընթանա, եւ սպասված արդյունքն ստանան, հաջորդ զոհը լինելու է Գեղամ Մանուկյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։