Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Mehr լրատվական գործակալությունը:
«Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար»,-ասել է Ղալիբաֆն ու հավելել, որ երկիրը մանրակրկիտ և համակողմանի հետաքննում է միջադեպը։
Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ հետաքննության ընթացքում չի գտնվել որևէ ապացույց, որը թույլ կտար կատարվածն ահաբեկչություն որակել:
«Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել»,-շեշտել է Ղալիբաֆը։
Հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատունը զինված հարձակման է ենթարկվել: Ինքնաձիգով զինված տղամարդը հարձակվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության ղեկավարը, դիվանագիտական առաքելության երկու պահակներ վիրավորվել են։ Հանցագործը ձերբակալվել է։ Իրանի ԱԳ նախարարը հայտնել է՝ ըստ նախաքննության արդյունքների՝ հարձակումը կապված է հարձակվողի անձնական դրդապատճառների հետ։