Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում պատմել է, թե Պուտինն իրեն սպառնացել է հրթիռներով. Պեսկովը դա «սուտ» է անվանել
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ հեռախոսազրույցի ժամանակ իրեն սպառնացել է հրթիռներով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Երկարատև հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցյալ փետրվարին. Ջոնսոնը Պուտինին նախազգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմը «կատարյալ աղետ» կլինի: Բորիս Ջոնսոնի խոսքով՝ ինքը նաև Պուտինին ասել է, որ Ուկրաինան «կանխատեսելի ապագայում» չի միանա ՆԱՏՕ-ին:
«Ինչ-որ պահի նա սպառնաց ինձ և ասաց. «Բորիս, ես չեմ ուզում քեզ վիրավորել, բայց հրթիռով դա ընդամենը մեկ րոպե կպահանջի», կամ նման մի բան», - հիշում է Ջոնսոնը Պուտինի խոսքերը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այս հայտարարությունը։
«Եվս մեկ անգամ պաշտոնապես կրկնում եմ՝ դա սուտ է: Հրթիռներով սպառնալիքներ չեն եղել։ Խոսելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարտահրավերների մասին՝ նախագահ Պուտինը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների տեղակայումը մեր սահմանների մոտ կնշանակի, որ ցանկացած հրթիռ Մոսկվա կհասնի հաշված րոպեների ընթացքում», - մեջբերում է «Интерфакс»-ը Դմիտրի Պեսկովի խոսքերը:
BBC-ի «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմը եթեր կհեռարձակվի այսօր Լոնդոնի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով հունվարի 31-ին, գիշերվա ժամը 1-ին):