Քննարկվում են բոլոր տարբերակները, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա. Բլինքեն
Իրանը մերժել է միջուկային համաձայնագրին վերադառնալու ներկա առաջարկը, սակայն Վաշինգտոնը դեռ հավատում է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ գործ ունենալու ամենաարդյունավետ միջոցը դիվանագիտությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Եգիպտոսում Al Arabiya-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայել մեկնելուց առաջ:
Ըստ Բլինքենի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է իր վճռականությունը, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Նա շեշտել է, որ «սեղանին են դրված բոլոր տարբերակները», որպեսզի Իրանին հնարավորություն չտրվի միջուկային զենք ձեռք բերել:
ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում են գտնվում «Իրանի վարչակարգի կողմից փողոց դուրս եկած ցուցարարների հանդեպ ճնշումները»: Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնը սատարում է իրանցիներին, սակայն «վարչակարգի փոփոխությունը» միայն ժողովրդի որոշելու հարցն է:
Անդրադառնալով ԱՄՆ-Իսրայել զորավարժություններին՝ Բլինքենը նշել է, որ դրանց հիմնական նպատակը «ագրեսորներին զսպելն է»:
Բլինքենը եռօրյա այցով գտնվում է Մերձավոր Արևելքում: Հունվարի 29-ին նա այցելել է Եգիպտոս, իսկ այսօր՝ Իսրայել, որից հետո՝ Հորդանան գետի Արևմտյան ափ:
Բլինքենի այցից առաջ սրվել է իսրայելապաղեստինյան հակամարտությունը: Հունվարի 27-ի երեկոյան մի պաղեստինցի Երուսաղեմում սինագոգի առաջ կրակել էր մարդկանց վրա՝ սպանելով 7 մարդու, այդ թվում՝ 14-ամյա դեռահասի: Հունվարի 26-ին Իսրայելի ուժերը Արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում գործողություն էին իրականացրել՝ սպանելով 7 զինյալի և 2 քաղաքացիական անձանց: