Գլխավոր դատախազն այցելել է «Զինվորի տուն»
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից:
Գլխավոր դատախազը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորների համար ստեղծված պայմաններին և իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական ու մշակութային ծրագրերին:
Աննա Վարդապետյանը շնորհավորել է հայրենիքի պաշտպաններին՝ Հայոց բանակի կազմավորման կապակցությամբ և, խոսելով հանուն պետականության պահպանման իրենց ամենաթանկը՝ կյանքն ու առողջությունը նվիրած հերոսներից, գլխավոր դատախազը նշել է, որ յուրաքանչյուր չարաշահման դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նայում է 44-օրյա պատերազմի պրիզմայով՝ այդ չարաշահումների արդյունքում պատճառված վնասը փոխակերպելով զենքերի, կյանքեր փրկող զրահաբաճկոնների, հակաօդային պաշտպանության միջոցների: «Այդ միտքը դարձել է իմ աշխատանքի մոտիվացիան»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայրենիքի պաշտպաններին հուզող խնդիրներին, սոցիալականացման ճանապարհին առկա մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղիներին:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, հրաժեշտ տալով Կենտրոնում վերականգնվող տղաներին, հանդիպումները շարունակական դարձնելու խոստում է տվել: