Մոուրինյուն ցանկանում է վերադառնալ ԱՊԼ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է վերադառնալ Լոնդոնի «Չելսի»։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոուրինյուն հիասթափված է հռոմեական ակումբի ղեկավարության կողմից ֆինանսական աջակցության բացակայությունից։ Պորտուգալացի մասնագետի համար առաջնահերթ սցենարը վերադարձն է «Չելսի», որի գլխավոր մարզիչ նա արդեն երկու անգամ եղել է իր կարիերայի ընթացքում՝ 2004-ից 2007 թվականներին և 2013-ից 2015 թվականներին։
Մոուրինյուի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել «Չելսիի» ղեկավարության հետ՝ քննարկելու մարզչի հնարավոր վերադարձը, սակայն լոնդոնցիները հասկացրել են, որ թիմի ներկայիս մարզիչ Գրեհեմ Փոթերը լիակատար աջակցություն ունի:
Նշվում է նաև, որ Մոուրինյուի կինն ու երեխաները դեռ ապրում են Լոնդոնում, ուստի Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատանքը նրա համար առաջնային է։ Չնայած Պրեմիեր լիգա վերադառնալու հետաքրքրությանը և «Ռոմայի» ֆինանսական հնարավորություններին, Մոուրինյուն մրցաշրջանի կեսից չի հեռանա իտալական ակումբից։