Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ ընտրություններում Էրդողանի առաջադրման համար խոչընդոտներ չկան
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրման համար որևէ խոչընդոտ չկա։ Չելիքը ընդդիմությանը մեղադրել է երկրի ժողովրդավարական գործընթացները խաթարելու փորձերի համար։
Հինգշաբթի թուրքական վեց կուսակցությունների ընդդիմադիր դաշինքը հայտարարել էր, որ Էրդողանն իրավունք չունի նոր ժամկետով առաջադրվել հանրապետության ղեկավարի ընտրություններում: Ըստ 2017 թվականին ընդունված փոփոխությունների՝ Էրդողանը կարող է առաջադրվել որպես թեկնածու, եթե խորհրդարանը ցրվի, և երկրում արտահերթ ընտրություններ հայտարարվեն, հակառակ դեպքում նա չի կարող անընդմեջ նախագահել երկու ժամկետից ավելի։ Էրդողանը նախագահ է ընտրվել 2014 և 2018 թվականներին։
Իշխող ԱԶԿ-ն, սակայն, պարզաբանում է, որ փոփոխությունների ընդունումից հետո ժամկետների հաշվարկը զրոյացվել է, և այժմ Էրդողանը պաշտոնապես ավարտում է նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետը։