Ինդոնեզիան Ռուսաստանին առաջարկել է շտապել էժան նավթի վաճառքի հարցում
Ինդոնեզիայի իշխանությունները հիասթափված են, որ դեռ չեն կարողանում ռուսական նավթ գնել, հատկապես որ այն էժանացել է։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի ծովային գործերի և ներդրումների համակարգող նախարար Լուհութ Փանջայտանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններից հինգ ամիս հետո էլ գործն առաջ չի շարժվում, և ռուսական կողմին առաջարկել են շտապել։
Ինդոնեզիայի պետական նավթային PT Pertamina ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ շարունակում է դիտարկել Ռուսաստանից նավթ գնելու ծրագրերը: Նոյեմբերին ընկերության ղեկավարը նշել էր, որ քննարկման ընթացքում գնահատվում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ քաղաքական ու տնտեսական։
Դեկտեմբերին էլ Մոսկվայում Ինդոնեզիայի դեսպանն ասել էր, որ իր երկիրը կփնտրի շուկայում լավագույն գնային առաջարկը, և Ռուսաստանը բանակցողների թվում է: