Առաջին անգամ ԱՄՆ Կոնգրես Է ներկայացվել արհեստական ինտելեկտի ստեղծած բանաձև
Կոնգրեսական Թեդ Լյուն (դեմոկրատ Կալիֆորնիայի նահանգից) հունվարի 26-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ Է ներկայացրել բանաձև, որն ստեղծվել է արհեստական ինտելեկտի կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կոնգրեսականի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
«Կոնգրեսական Լյուն ներկայացրել է պատմության մեջ առաջին դաշնային բանաձևը, որը պատրաստվել Է արհեստական ինտելեկտի կողմից», - գրված է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ նպատակով օրենսդիրն օգտագործել է չաթ-բոթ՝ ChatGPT արհեստական ինտելեկտի գործառույթներով։ Օգտագործելով այս մոդելը՝ Լյուն հանձնարարել է «գրել Կոնգրեսի համապարփակ բանաձև՝ ընդհանուր աջակցություն հայտնելով այն բանին, որ Կոնգրեսը կենտրոնանա արհեստական ինտելեկտի վրա»:
Ավելի վաղ կոնգրեսականն օրենսդիրներին կոչ Էր արել միջոցներ ձեռնարկել արհեստական ինտելեկտի ոլորտը կարգավորելու համար։
Միևնույն ժամանակ CNN-ը հաղորդում է, որ ChatGPT արհեստական ինտելեկտով աշխատող չաթ-բոթը քննություններ է հանձնել Մինեսոտայի համալսարանի չորս դասընթացների և Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցում բիզնեսի կառավարման դասընթացի համար։ Ստուգելու համար, թե չաթ-բոթը որքան լավ կարող Է պատասխանել քննական հարցերին, Մինեսոտայի համալսարանի դասախոսները թեստերը գնահատել են աշխատանքների ընդհանուր հոսքի մեջ:
Չորս քննությունների համար ChatGPT-ը միջին հաշվով ստացել Է C+ բալ, որը համապատասխանում Է «բավարար» գնահատականին՝ հաղթահարելով դասընթացներից յուրաքանչյուրի նվազագույն շեմը: Ուորթոնի բիզնեսի դպրոցում չաթբոտը գնահատվել է ավելի բարձր՝ B և B-, ինչը համարժեք է «լավ» գնահատականին:
Ուորթոնի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Քրիստիան Թերվիշը նշել է, որ ChatGPT-ն իրեն «գերազանց» է դրսևորել գործառնությունների կառավարման և գործընթացների վերլուծության վերաբերյալ պարզ հարցերին պատասխանելիս, սակայն «անսպասելի» սխալներ է թույլ տվել տարրական մաթեմատիկայի հարցերի ժամանակ: