Քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետության բարձրացման հարցերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Նանա Սկաուին:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» գործակալության ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը:
Ողջունելով հյուրերին` նախարարն անդրադարձել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը` հատկապես կարևորելով Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետ իրագործումը մարզային դպրոցներում:
«Մեր համատեղ աշխատանքային ծրագրերը երկարատև համագործակցության հիմքեր են ստեղծում: Հայաստանի բոլոր մարզերում ՀՀ կառավարությունը և ՊՀԾ-ն հաջողությամբ իրականացնում են դպրոցական սննդի ծրագիրը, որն այս տարիների ընթացքում դարձել է մարդկային կապիտալի զարգացման և ազգային աճի խթանման ամուր հիմք: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի, տեղական իշխանությունների, դպրոցների տնօրենների և ծնողների համատեղ ջանքերի շնորհիվ: Համագործակցության արդյունքում վերանորոգվել են դպրոցական ճաշարանները և վերազինվել ժամանակակից սարքավորումներով, վերապատրաստվել են նաև խոհարարները: Չնայած արձանագրված հաջողություններին՝ կան մարզային դպրոցներ, որոնց համար դեռևս անհրաժեշտ է իրականացնել խոհանոցների և ճաշարանների հիմնանորոգում, համապատասխան գույքի ձեռքբերում: Կարծում եմ՝ ունենք ամուր հիմքեր, որպեսզի այս ծրագիրը շարունակենք նաև Երևանում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ. այն ունի նաև շատ կարևոր այլ բաղադրիչ. «Ծրագիրը թույլ է տալիս առողջ սնունդը և ապրելակերպը ներառել դպրոցական բաղադրիչում ու դրա միջոցով ձևավորել հանրային վարքականոն»:
Հանդիպման ընթացքում ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Նանա Սկաուն խոսել է ՊՀԾ Հայաստանի ռազմավարության ու առաջիկա առաջնահերթությունների մասին: Նա հատկապես կարևորել է համագործակցության շարունակությունը՝ նշելով, որ «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում արդեն վերապատրաստվել է շուրջ 6000 անձ և արդեն հնարավոր է նրանց համագործակցությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետ:
«Մենք ավարտել ենք խոհանոցային տարածքների քարտեզագրումը, որոնք արտակարգ իրավիճակի պայմաններում կարող են ծառայել որպես ապաստարաններ: Հույս ունեմ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը համաֆինանսավորման արդյունքում կներդրվի նաև Երևանում»,- նշել է Նանա Սկաուին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փոխտնօրենի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրներին և նշել է, որ 2023 թվականի հունվարի 12-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին նամակ է ուղղվել, որում կոչ է արվել ՄԱԿ-ի ՊՀԾ-ին օգտագործել իր տրամադրության տակ գտնվող բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի երեխաներին և ապահովելու նրանց կրթության իրավունքը:
Նշելով, որ բարձրաձայնված խնդիրը գտնվում է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում՝ Նանա Սկաուն հույս է հայտնել, որ խնդիրը կստանա դրական հանգուցալուծում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: