ԱՄՆ-ի զինվորականները Սոմալիում ոչնչացրել են ԻՊ-ի պարագլխին
Միացյալ Նահանգների զինվորականները ոչնչացրել են Սոմալիում ,Իսլամական պետությունե ահաբեկչական խմբավորման պարագլուխ Բիլալ ալ-Սուդանիին և շուրջ 10 գրոհայինների, հայտնել են ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Reuters գործակալությունից:
Հակաահաբեկչական գործողությունն անցկացվել է չորեքշաբթի օրը երեկոյան Սոմալիի հյուսիսում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով։
Պաշտոնատար անձինք հավելել են, որ «հանգամանալի պլանավորման և պլանի անթերի կատարման շնորհիվ ԱՄՆ-ի զինվորականների կամ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չեն եղել»: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է ալ-Սուդանիի ոչնչացումը:
«Հունվարի 25-ին նախագահի հրամանով ԱՄՆ-ի զինվորականները հարձակողական գործողություն են իրականացրել Սոմալիի հյուսիսում, որի արդյունքում սպանվել են ԻՊ-ի մի քանի անդամներ, այդ թվում՝ Բիլալ ալ-Սուդանին՝ Սոմալիում ԻՊ-ի պարագլուխը և ԻՊ-ի համաշխարհային ցանցի առանցքային միջնորդը», - գրված է Պենտագոնի տարածած հայտարարությունում։
Օսթինը նշել է, որ ալ-Սուդանին «պատասխանատու է եղել Աֆրիկայում ԻՊ-ի աճող ներկայությանն աջակցելու և ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Աֆղանստանում, խմբավորման գործողությունները ֆինանսավորելու համար»:
«Մենք երախտապարտ ենք մեր անվանի զինծառայողներին, ինչպես նաև մեր հետախուզական հանրությանն ու մյուս միջգերատեսչական գործընկերներին այս հաջող հակաահաբեկչական գործողության իրականացման գործում նրանց ցուցաբերած աջակցության համար», - ասվում է Պենտագոնի ղեկավարի հայտարարության մեջ: