Մոսկվան կոչ է անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Զախարովա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ, մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ. Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար ակտիվ ջանքերը շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակին:
«Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, ովքեր սահմանափակվում են հայտարարություններով և ապաէսկալացիայի կոչերով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում։
Ուստի մենք կոչ ենք անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, և կոչ ենք անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել առկա տարաձայնությունները շուտափույթ կերպով լուծելու համար», - հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: