Ֆրանսիայում նկատվում Է միգրացիայի լուրջ աճ
2022 թ. Ֆրանսիայում ապաստան հայցողների թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 31,3 %-ով, ինչի մասին վկայում են Ֆրանսիայի ՆԳՆ-ի հրապարակած ներգաղթի վերաբերյալ տվյալները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ անցյալ տարի ապաստան ստանալու 137 046 առաջնային դիմում է ներկայացվել Ֆրանսիայի պրեֆեկտուրաներ հիմնականում Աֆղանստանից, Բանգլադեշից, Թուրքիայից և Վրաստանից եկած ներգաղթյալների կողմից։ Բացի այդ, ստացվել է մերժումների վերանայման 19 000-ից քիչ ավելի դիմում: Այս տվյալները վկայակոչել է BFMTV հեռուստաալիքը:
2022 թ.-ը նշանավորվել Է նաև երկիր ուկրաինացիների ժամանմամբ։ Ժամանակավոր պաշտպանություն է տրամադրվել 65 833 չափահասի։ Ընդ որում՝ ապաստան է խնդրել միայն 2200 ուկրաինացի, որոնցից 702-ի հայտը հաստատվել է։
Անցած տարի կտրուկ աճել է նաև կեցության իրավունքի վկայագրերի հանձնումը։ Առաջին դիմումի հիման վրա տրամադրվել է 320 000 կեցության իրավունքի վկայագիր, ինչը 17 %-ով ավելի է 2021 թ.-ի համեմատությամբ:
Դրանցից ավելի քան 108 000-ը բաժին Է ընկել սովորելու համար ժամանած ուսանողներին։ 2021 թ.-ի համեմատությամբ 8 %-ով աճել Է օրինականացված միգրանտների թիվը. 2022 թ.-ին ավելի քան 34 000-ը ստացել են ֆրանսիական փաստաթղթեր։ Միևնույն ժամանակ ավելացել է նաև ծագման երկրներ վերադարձողների թիվը։ 2022 թ.-ին Ֆրանսիայից մեկնել է 15 396 ներգաղթյալ, ինչը 2000-ով ավելի Է, քան նախորդ տարի։
ՆԳՆ-ն հստակեցնում է, որ ճնշող մեծամասնության դեպքում խոսքը իշխանությունների որոշմամբ բռնի արտաքսման մասին է։ Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի խոսքով՝ դա առաջին հերթին վերաբերել Է օտարերկրացի իրավախախտներին։
Հունվարի 26-ին Ստոկհոլմում կայացել է Եվրամիության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական խորհրդակցություն: Նրանց ուշադրության կենտրոնում են եղել միգրացիայի և ապաստանի տրամադրման հարցերը, այդ թվում՝ քննարկվել Է այդ հարցերի շուրջ երրորդ երկրների հետ համագործակցությունը:
Միության անդամ 27 պետությունների նախարարները պայմանավորվել են ավելի լայնորեն օգտագործել ԵՄ-ում վիզաների տրամադրումը բարդացնելու մեխանիզմը (ժամկետների երկարացում, ավելի մեծ թվով փաստաթղթերի պահանջում և այլն), որպեսզի համագործակցությունից հրաժարվող երրորդ երկրներին ստիպեն հետ ընդունել իրենց այն քաղաքացիներին, որոնց մերժել են ապաստան տրամադրել Եվրոպայում: