Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կաջակցի լսողական խնդիրներ ունեցող երեխաներին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գործունեության ընթացքում մշտապես հանդես է եկել տարբեր բարեգործական ծրագրերով՝ աջակցություն ցուցաբերելով հանրության տարբեր խմբերին ու հասարակական նախաձեռնություններին։
Իր 17-ամյակին նվիրված համերգին նվագախումբն ազդարարեց նոր նախաձեռնության մասին. աջակցել լսողական խնդիրներ ունեցող երեխաներին՝ բացահայտելու կամ վերագտնելու հնչյունների կախարդական աշխարհը։ Նվագախումբը տոմսերի վաճառքի հասույթից պարբերաբար հատկացումներ է կատարելու երեխաների համար լսողական սարքերի ձեռքբերման կամ բուժման նպատակով։ Բարեգործական այս ծրագիրը կյանքի կոչելու համար նվագախումբը միավորել է ջանքերը «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության հետ։ «Հավատը» գործում է 1996թ.-ից և անգնահատելի մեծ փորձ ու ներդրում ունի լսողական խնդրով երեխաների կրթական, առողջապահական, սոցիալական կարիքների բավարարման, իրավունքների պաշտպանության գործում:
Երաժիշտների համար անփոխարինելի է աշխարհի լսողական ընկալումը, նրանք կոչված են հնչյունների միջոցով հուզել, ամոքել, գեղեցիկ ապրումներ հաղորդել մարդկանց, և նվագախումբը կանի հնարավորը՝ օգնելով երեխաներին լսել, ընկալել ու գնահատել գեղեցիկը:
Այս նպատակին հասնելու համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունի նաև հանրության աջակցության կարիքը։ Ուստի Սիմֆոնիկը կոչ է անում հաճախել համերգների` այդպիսով միանալով երեխաների կյանքը վերափոխելու ջանքերին։