Պաշտոնի ու պետության վրա թքած ունենալու նուրբ արվեստը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի օրոք մարդիկ պաշտոնները թաշկինակի պես են փոխում։ Այնքան են անլրջացրել պետական կառավարման համակարգում ծառայությունը, որ ում քեֆը որտեղ տալիս է՝ նշանակվում է, հետո ինչ-որ բան դուրը չի գալիս, ասենք՝ աշխատասենյակի կոմֆորտը կամ աթոռի փափկությունը, աշխատավարձի չափը, ու որոշում է մի երկու ամիս անց հրաժարական տալ, գնալ այլ պաշտոնի։ Գուցե ինքը՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանն էլ է պաշտոնյաներին որպես թաշկինակ փոխում։ Հինգ տարում հինգ ԱԱԾ տնօրեն ու Շիրակի հինգ մարզպետ փոխած Նիկոլ Փաշինյանից ու նրա կառավարությունից այլ բան պետք էլ չէ թերեւս սպասել։
Եթե նա կարող է Արգիշտի Քյարամյանին մեկ օրով նշանակել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հետո ազատել այդ պաշտոնից ու տանել ԱԱԾ՝ տնօրենի տեղակալ, մի ամսից՝ ԱԱԾ տնօրեն, հետո, մի քանի ամսից նորից հետ բերել՝ նշանակել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ մի կես տարում՝ կոմիտեի նախագահ, ինչո՞ւ պետք է զարմանալ, որ մարդու իրավունքների պաշտպանը, ընտրված լինելով խորհրդարանի ձայների մեծամասնությամբ, ուղիղ մեկ տարի անց հրաժարական է տալիս, որովհետեւ իրեն մեկ այլ տեղ՝ երեւի ավելի բարձր աշխատավարձով աշխատանք են խոստացել։ Կամ՝ ինչո՞ւ պիտի զարմանալ, որ մեկ տարի Շիրակի մարզպետ աշխատելուց հետո Նազելի Բաղդասարյանը, անհասկանալի պատճառաբանությամբ, ազատման դիմում է գրում, որովհետեւ, արի ու տես, որոշել է հիմա էլ «իր գիտելիքներն» այլ ոոլորտում ծառայեցնել։ Թե այդ ինչ հրաշափառ գիտելիքներ ունի նախկինում լրագրող աշխատած, անհասկանալի բուհերում իրավաբանի կրթություն ստացած եւ պատգամավորի աթոռից մարզպետ նշանակված տիկին Նազելին, ում կարիքը հիմա էլ այլ ոլորտներում պետք է զգացվի, լրիվ այլ հարց է։ Թեպետ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Նազելի Բաղդասարյանը հաստատ ամենակրթվածներից է՝ շատ այլ պաշտոնյաների հետ համեմատած։
Բայց պետական ծառայության նկատմամբ անլուրջ ու անպատասխանատու վերաբերմունքով Նազելի Բաղդասարյանը ոչ մի բանով չի զիջում ո՛չ Քրիստինե Գրիգորյանին, ո՛չ մյուս պաշտոնյաներին, որոնք այսօր նշանակվում են՝ իրենց հանդեպ վստահության ու ստանձնած պատասխանատվության մասով ճռճռան ու պաթոսախեղդ տեքստեր ասելով ու հաջորդ օրն անսպասելիորեն հրաժարական տալիս։ Ու հանրությունն այդպես էլ չի իմանում՝ ինչու այս մարդիկ նշանակվեցին մարզպետ, նախարար ու փոխնախարար, ինչու հրաժարական տվեցին, ինչ թողեցին իրենց հետեւից, որն էր, առհասարակ, պետական ապարատում նրանց էքզիստենցիալ գոյության իմաստը։
Սա պաշտոնի ու պետության վրա թքած ունենալու բացահայտ դրսեւորում է, երբ պաշտոնն ու պետական ծառայությունը նրանց համար սոսկ հարստանալու, կարիերա անելու, իրենց կյանքը դասավորելու ու հասարակության մեջ որոշակի դիրք զբաղեցնելու միջոց են։ Եվ երբ տեսնում են՝ այն արդեն իրենց պետք չէ, կամ ավելի լավ հարստանալու եւ ավելի ազդեցիկ դառնալու այլ հնարավորություններ կան, առանց վարանելու թքում են իրենց զբաղեցրած պաշտոնի եւ պատասխանատվության վրա ու վազում հաջորդի հետեւից։
Ահավասիկ, Նազելի Բաղդասարյանը երեկ կառավարության նիստում մարզպետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո շնորհակալության ճոռոմ տեքստեր ասաց՝ ուղղված վարչապետին ու կառավարությանը, հետո իջավ ու լրագրողների հետ զրույցում էլ նույն վերամբարձ տոնով փորձեց իր անձի շուրջ խորհրդավորության շղարշ ստեղծել, թե ինքն ահավոր լուրջ դեմք է ու շուտով նոր պաշտոնի կանցնի, կվերադառնա իրեն հարազատ ոլորտ։
Լրագրությո՞ւն՝ հարցրինք նրան, ու նա միանգամից վրա բերեց, թե ոչ՝ ինքը մասնագիտությամբ իրավաբան է։ Ի դեպ, զրույցի սկզբում էլ հայտարարեց, թե լրագրողի նախկինը չի լինում՝ ակամա քար գցելով իրենց թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի բոստանն ու հաստատելով բազմիցս հնչած տեսակետները, որ Փաշինյանը երկիրը ղեկավարում է լրագրողին, այն էլ՝ սկանդալային լրագրողին հատուկ ոճով՝ այդպես էլ դուրս չգալով նախկին մասնագիտության կաղապարներից։
«Պետք է դիտարկել, որ յուրաքանչյուր պետական պաշտոն ունի սկիզբ եւ ունի ավարտ, սեփական նախաձեռնությամբ եմ հրաժարական տվել եւ տեղափոխվել մասնագիտական ոլորտ՝ տեւական ժամանակ քննարկվում էր, եւ թերեւս սրանով է պայմանավորված»,- այսպես բացատրեց մարզպետի պաշտոնից իր վաղաժամ ազատումը տիկին Բաղդասարյանը՝ նշելով, թե հետայսու իր «հնարավորությունները, գիտելիքներն ու հմտությունները» կօգտագործի այլ բնագավառում։
Ի դեպ, այս օրերին մամուլում քննարկվեց նրա՝ որպես արդարադատության փոխնախարարի կամ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին առաջադրվելու հարցը։ Բաղդասարյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ լուրերը․ «Այս պահին որոշակի բաներ քննարկվում են, եւ կարծում եմ՝ մոտ օրերս ավելի պաշտոնապես կհայտարարվի»։
Երբ նկատեցինք՝ անլուրջ չէ՞, արդյոք, պետական պաշտոնյաների կողմից վերաբերմունքը, երբ գալիս, մեկ-երկու տարի պաշտոնավարում են, հետո հրաժարական են տալիս՝ առանց լուրջ պատճառաբանության, արդեն նախկին մարզպետ Բաղդասարյանն ասաց․ «Ես հնարավորինս հիմնավոր ասել եմ՝ նպատակ ունեմ ավելի վերադառնալ մասնագիտական ոլորտ»։
-Իսկ այն ժամանակ ինչո՞ւ գնացիք մարզպետի պաշտոնին։
-Կարիք կար, որ լինեի մարզում։ Մենք ոչ թե պետք է առաջնորդվենք, թե որտեղ պետք է լինենք մենք, այլ որտեղ մեր ծառայությունների եւ գիտելիքների կարիքը կա պետության տեսանկյունից։
-Իսկ մարզպետի կարգավիճակում Ձեր ծառայությունների եւ գիտելիքների կարիքը չկա՞ր այլեւս։
-Կա արդեն նոր մարզպետ, եւ վստահ եմ, որ կկարողանա եւ կհաջողի։
-Սա պետական ծառայության, պաշտոնի նկատմամբ անլուրջ վերաբերմունք չէ՞, արդյոք։ ՄԻՊ-ն էլ, օրինակ, ընդամենը մեկ տարի պաշտոնավարելուց հետո հեռանում է, որովհետեւ, ասում են, ինչ-որ լավ առաջարկ է ստացել։ Ի վերջո, սա պատասխանատվություն ու ծառայություն է, չէ՞, հանրության ու պետության հանդեպ։
-Գնահատականը քաղաքացիների դժգոհությունը կամ գոհունակությունն է, իսկ ես վստահ եմ, որ իմ էջին հետեւելով՝ կտեսնեք, թե ինչպիսի արձագանք ունեն շիրակցիներն իմ հեռանալու կապակցությամբ։
ՀԳ․ Մենք չգիտենք, թե ինչ հաջողություններ է գրանցել Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետի պաշտոնում մեկ տարի աշխատելու ընթացքում, եւ դժվարանում ենք ասել, թե իր էջում հրաժարականի առիթով ափսոսանք հայտնող շիրակցիներն ինչ նկատի ունեն, բայց եթե գովեստներն իսկապես հիմնավոր են, առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, թե ինչու են այսքան ձախողված պաշտոնյաների պարագայում լավ աշխատողին այլ աշխատանքի տեղափոխում։ Եթե լավ էր աշխատում, տրամաբանականն այն կլիներ, որ մնար եւ շարունակեր աշխատել։