Փետրվարին պարզ կլինի՝ ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը՝ պարզ կդառնա եկող ամիս։ Չնայած կառավարությունում մի քանի օր է՝ շրջանառվում է իշխանության թեկնածուի անունը՝ ի դեմս սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի, սակայն երեկ տեղեկացանք, որ փորձում են ֆորմալ պահպանել ձեւը՝ իբրեւ թե ԱԺ ՔՊ խմբակցությունն է առաջադրելու թեկնածուին։ Եվ երեկ Հայկ Կոնջորյանը պատգամավորներին ասել է, որ խմբակցության նիստ է լինելու, որ որոշեն իրենց թեկնածուին, եւ յուրաքանչյուրին առաջարկել է թեկնածություն ներկայացնել։
ՄԻՊ-ի պաշտոնն արդեն 5 օր է՝ թափուր է, բայց ԱԺ խմբակցությունները չեն շտապում թեկնածուներ առաջադրել։ ՄԻՊ-ին առաջադրում են ԱԺ ուժերը, սակայն այս խորհրդարանում սեփական թեկնածուին օմբուդսմենի պաշտոնում ընտրելու հնարավորություն ունի միայն իշխանական «Քաղպայմանագիրը», որի ձայները բավարարում են միանձնյա ընտրության համար․ այս դեպքում անհրաժեշտ է առնվազն 65 ձայն, իսկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին 35 պատգամավոր ունեն։ Թեկնածուին նախ պետք է հավանություն տան պատկան հանձնաժողովում, ապա հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ։ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում: ԱԺ հերթական նիստը փետրվարի 7-ին է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։