Կասկածյալը ձերբակալվել է
Հունվարի 19-ի ցերեկը ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում տվեց մի քաղաքացի: Նա հայտնեց, որ երկու օր առաջ Նոյակերտ գյուղի չբնակեցված և իր տնօրինմանը հանձնված տնից գողություն են արել:
Դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Կոտրել էին շինության փայտե դուռը և գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, ջրատաքացուցիչ և այլն: Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ, իսկ բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացան տվյալ, որ գողությունը կատարել է նույն գյուղի 17-ամյա մի բնակիչ, գողոնն էլ նրանց տան խորդանոցում է:
Ահազանգից ժամեր անց պատանին ձերբակալվեց ու ներկայացվեց Վեդու քննչական բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: