Ովքեր են Բերձորի միջանցքը արգելափակած ադրբեջանցիները. «Լուրերի» բացառիկ ուսումնասիրությունը
Լաչինի միջանցքի փակման ակցիան համակարգում է Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալությունը, որի գործունեությունը, իր հերթին, համակարգում է Ադրբեջանի Վերահսկող խորհուրդը, որը բաղկացած է 11 անդամից, որոնց նշանակում է Ադրբեջանի նախագահը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրերի» իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են 2022 թ. դեկտեմբերի 12-ին Բերձորի միջանցքը փակած որոշ ադրբեջանցիների պարզաբանված տվյալները, ինչպես նաև Ադրբեջանում գործող ոչ կառավարական ՀԿ-ների ցուցակը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են նշված ճանապարհի փակման գործընթացին:
Ադրբեջանի վերահսկող խորհրդի 8 անդամ նշանակվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, իսկ 3-ը՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց թվից:
Նշված ակցիայի լուսաբանման և տարածման գործընթացը համակարգում են Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունն և Ադրբեջանի մամուլի խորհուրդը, իսկ կամավորների աշխատանքը համակարգվում է Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միության կողմից:
Ակցիային առնչվող ոչ պետական կազմակերպությունների ցուցակը պայմանականորեն բաշխված է 6 խմբի, որպես կազմակերպություններ ներառված են 139 ՀԿ-ի, երիտասարդական 43 նախաձեռնության, 13 կամավորի (волонтер), հանրային խորհրդի 9 կազմակերպության, 4 կուսակցության, այդ թվում նաև իշխող «Նոր Ադրբեջան»-ը, և պետական մեկ հաստատության՝ կրոնական հաստատությունների հետ աշխատող պետական կոմիտեի անվանումները:
Ուսումնասիրվել են նաև վերոնշյալ ակցիայի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները:
Մասնավորապես նշված են 507 «ակտիվիստների» անուն-ազգանուններ, նրանց պաշտոնը, առնչությունը պետական-հասարակական կառույցներին, ինչպես նաև նրանց երկու կամ երեք անձնական լուսանկարներ:
Մասնակիցների գերակշիռ մասը լրագրողներ և հասարակական կազմակերպությունների անդամներ են, որոնց թվում են Բաքվի պետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ:
Վերջիններիս լուսանկարները վերցված են համացանցից (հիմնականում Facebook-ից), որոնց մի մասը կատարված է ակցիայի ժամանակ:
Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։