Ռուսաստանում ստեղծվել է ԱԹՍ-ներից և նավերից արձակվող հրթիռ
Ռուսաստանում ստեղծվել է միջտեսակային բազմանպատակային Х-МД-Э հրթիռը, որը կարող է գործի դրվել անօդաչու թռչող սարքերից և նավերից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Национальная оборона» հանդեսը «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի (ՄՀՍԿ) գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովի 70-ամյակին նվիրված հոդվածում:
ՄՀՍԿ-ն Ռուսաստանի Դաշնությունում ավիացիոն հրթիռային զենքի գլխավոր մշակողն է։
«Նոր արտադրանքների վրա աշխատելիս ՄՀՍԿ-ի կոնստրուկտորները լիովին հաշվի են առնում ժամանակի պահանջները: Այսպես, ԱԹՍ-ների համար, որոնք վերջերս զարգացման հզոր խթան են ստացել, ստեղծվել Է միջտեսակային բազմանպատակային ինքնանշանառու Х-МД-Э հրթիռը, որը կարող է կիրառվել անօդաչու թռչող սարքերից և վերջրյա նավերից», - ասվում է հոդվածում։
«Հետագայում լոկալ հակամարտություններում բարձր ճշգրտության զենքի դերը միայն կաճի: Մեր կոնստրուկտորները հաշվի են առնում բարձր ճշգրտության զենքի զարգացման բոլոր միտումները: Սա անցում է դեպի գերբարձր արագություններ և գերձայն, հզորության բարձրացում, ուղղորդման ճշգրտություն ու արագություն, չափերի փոքրացում: Մենք կատարելագործում ենք զինամթերքի ինտելեկտը, ընդհուպ մինչև զենքի ցանցային ինտելեկտուալ համակարգերի ստեղծում», - հոդվածում մեջբերվում Է Օբնոսովի խոսքը։
Բաց աղբյուրների տվյալներով՝ Х-МД-Э-ն թույլ է տալիս օրվա ցանկացած պահի խոցել առանձին փոքրաչափ և խմբային թիրախներ: Հրթիռի մեկնարկային քաշը 110 կիլոգրամ է, բեկորաֆուգասային մարտական մասը կշռում է 30 կիլոգրամ։ Х-МД-Э-ն կարող է խոցել մինչև 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ: