Խաչանովին ոչ ոք չի ասել դադարեցնել Արցախին աջակցող հաղորդագրությունները՝ չնայած Ադրբեջանի գրությանը
Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի մասնակից Կարեն Խաչանովն ասում է, որ թենիսի առաջնության կազմակերպիչները իրեն չեն ասել, որ դադարեցնի Արցախին աջակցող ուղերձներ գրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ավստրալիական 7News պարբերականը:
Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի 26-ամյա թենիսիստը խաղից հետո հեռուստատեսային տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել է այնպիսի հաղորդագրություններ, ինչպիսիք են՝ «Ամո՛ւր մնա, Արցախ» և «Շարունակի՛ր հավատալ մինչև վերջ: Արցա՛խ, դիմացի՛ր»։
Լրատվամիջոցը նշում է, որ այսպիսով Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, որը մեկ ամիս է՝ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է:
«Ես հայկական արմատներ ունեմ հայրական կողմից, պապիկիս, նույնիսկ մորս կողմից, ես կիսով չափ հայ եմ: Ես պարզապես ուզում էի իմ ժողովրդին ցույց տալ ուժ և աջակցություն», - քառորդ եզրափակիչից հետո ասել է Խաչանովը լրագրողներին:
Կարեն Խաչանովի հաղորդագրություններն Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի զայրույթն են առաջացրել: Նրանք Խաչանովի գործողությունները որակել են որպես «ատելության գործողություն» և գրություն են ուղարկել Թենիսի միջազգային ֆեդերացիային՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել թենիսիստի դեմ:
Սակայն Խաչանովին ոչ ոք չի ասել, որ նա դադարեցնի հաղորդագրություններ գրելը:
«Ես դրա մասին ոչինչ չեմ լսել, առայժմ ոչ», - ասել է Խաչանովը:
Խաչանովին է միացել նաև Մելբուրնի հայ համայնքը, որը Ավստրալիայի բաց առաջնությանն է եկել Արցախի դրոշներով: