Սիսիանում ՏԻՄ ընտրությունները կարող են առավել ցավոտ լինել իշխանության համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գարնանը Սիսիանում նշանակված ՏԻՄ ընտրությունները կարող են առավել ցավոտ լինել իշխանության համար։ Որոշ տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը, ով նախկինում ղեկավարել է համայնքը, մտադիր է առաջադրվել, այլ ոչ թե աջակցել որեւէ մեկին, ինչպես արեց վերջին ընտրությունների ժամանակ։ Սիսիանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սարգսյանն ակտիվ բանակցությունների մեջ է ընդդիմադիր տարբեր շրջանակների հետ եւ ուժերը ծանրութեթեւ անելուց հետո կհայտարարի իր առաջադրման մասին: Եթե չկարողանա բավարար կոնսոլիդացիա ապահովել իր շուրջ, ըստ ամենայնի, հանդես կգան այլ թեկնածուով։ Իսկ ՔՊ-ի թեկնածուն նույնն է՝ այս անգամ էլ իշխող ուժի ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի ԺՊ Արմեն Հակոբջանյանը, ով նախորդ ընտրություններին չկարողացավ 50+1 հավաքել, իսկ ավագանի անցած ուժերի միջեւ էլ կոալիցիա չկազմվեց, որ նա ստանձներ համայնքի ղեկավարումը, ինչի պատճառով էլ գնացին նոր ընտրությունների:
Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։ Նախորդ անգամվա պես, իշխանության թեկնածուի ընտրարշավի պատասխանատու է նշանակված ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով լինելու է ՔՊ թեկնածուի շտաբի պետը։ Նիկոլ Փաշինյանը խիստ է դրել հարցը, եւ ասում են, որ Համբարձումյանը կաշվից դուրս է գալիս, որ իր ազգական Հակոբջանյանն այս անգամ հաղթի։
Մեզ ասացին նաեւ, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը հնարավոր է այս անգամ չառաջադրվի, նրա եւ ՔՊ-ի էլեկտորատները գրեթե խաչվում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։