Ինչ որ Արցախում կատարվում է, դա Հայաստանի ապագան է. Արկադի Կարապետյան. News.am
Ինչ որ Արցախում կատարվում է, դա Հայաստանի ապագան է, ու եթե այնտեղ չհաղթեն, այսինքն այստեղից չօգնեն, նույն վիճակն այստեղ է լինելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Ագո)` անդրադառնալով Լաչինի միջանցքի ավելի քան 40 օր փակված լինելու հետեւանքով ստեղծված իրավիճակին:
«Նժդեհն ասել է, որ եթե ուզում ես հաղթանակես, քո հոգու մեջ պետք է հաղթանակի տաճարը կառուցես, այսինքն դու հոգով, մտքով այդ ամե ինչը պետք է պատկերացնես ու դա աշխատում է, բերում է այդ աստիճանի պատրաստության եւ այլն: Հիմա Արցախի ժողովուրդը պետք է դրան հասնի, իր հոգու մեջ հաղթանակի տաճարը կառուցի եւ առանց որեւէ մեկի հաղթելու են, դա մեկ: Բայց դա վերաբերում է նաեւ Հայաստանին, ինչ որ Արցախում կատարվում է, դա Հայաստանի ապագան է, ու եթե այնտեղ չհաղթեն, այսինքն այստեղից չօգնեն, նույն վիճակն այստեղ է լինելու: Ադրբեջանը էլի եմ ասում, ընդամենը գործիք է, Ադրբեջանը չի անում ու հաղթանակի մեր գրավականը դա է, մենք մեր հոգու մեջ պետք է հաղթանակի տաճարը կառուցենք»,- ասաց նա:
Նրա խոսքով` սա շատ լավ շրջան է, որպեսզի հասկանանք, թե ով ով է, ու այս ընթացքում բացահայտվում են մարդիկ, որոնք երազում են Արցախից ազատվել ու լավ ապրել:
«Ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը ոնց որ պետք է Արցախով չեն զբաղվում, նույնիսկ շեշտադրումներն են սխալ: Պայքարի շեշտադրումները պետք է ճիշտ դրվեն: Մենք որ Հայաստանի հետ միացած լինեինք, սա լիներ Հայաստան լրիվ, մենք այդտեղ որեւէ խնդիր չէինք ունենա, այդտեղ մեզ լավ խաբել են, հենց առաջինը Լեւոն Տեր- Պետրոսյանը, որ չընդունեց այդ գաղափարը իր թիմով: Իսկ ինչ է լինելու, մենք ի վերջո հաղթելու ենք, բայց եթե այսպես գնաց, դա Հայաստանի ապագան է»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք բանակցությունների միջոցով կբացի Լաչինի միջանցքը, Կարապետյանն ասաց. «Պարտված մարդը ի՞նչ պետք է բանակցի, եթե նրա հետ չեն ցանկանում բանակցել»: