Ինքս ինձ ասում էի․ ինչի՞ց վախենալ, եթե ինչ-որ բան պետք է լինի, կլինի․ Հալեր
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստյեն Հալերը, որը քաղցկեղից բուժման պատճառով բացակայությունից հետո վերջերս է վերադարձել խաղադաշտ, պատմել է քիմիոթերապիայի և իր հոգեվիճակի մասին։
«Քիմիոթերապիայից հետո չնայած քեզ բավականին լավ ես զգում՝ այնպիսի տեսք ես ունենում, ասես դեռ հիվանդ ես։ Ուզում ես ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, բայց տեսնում ես այդ խղճահարությամբ լի հայացքները, որը քեզ ասում է, որ դու հիվանդ ես։ Դա վատ չէ, մարդիկ ուզում են կարեկցել, և ես հասկանում եմ դա, որովհետև նրանք ուզում են խոսել այդ մասին։ Ֆուտբոլիստը հաճախ չի հիվանդանում քաղցկեղով։
Վախ զգո՞ւմ էի։ Ինքս ինձ ասում էի․ «Ինչի՞ց վախեանլ։ Եթե ինչ-որ բան պետք է լինի, կլինի»։ Եթե ինչ-որ վերահսկողություն ունես դրա նկատմամբ, կարող ես որոշակի տագնապ, որոշակի վախ զգալ, բայց այս դեպքում ես այլ ընտրություն չունեի, բացի բժիշկներին վստահելուց, որոնք այդքան ուշադիր էին վերաբերվում ինձ։ Ես պիտի հոգեպես ուժեղ մնայի, կողքիս անհրաժեշտ մարդիկ ունենայի ու ինձ ասեի, որ նման վերաբերմունքով ես կհաղթահարեմ սա»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ Հալերի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։